Monday, July 7, 2014

Երբ սերն այցելում է...

Ին՞չ է մեկ րոպեն ամբողջ տիեզերքում, ոչինչ: Իսկ ինձ համար մի անտանելի հավերժություն, որի ցավից ուղեղս միայն տրաքում է: Միգուցե հենց այդ խառնաշփոթից, ու ինձ համար այդքան թաքնված զգացմունքի բացահայտելու փորձերի՞ց է, չգիտեմ: Իսկ ինչու՞ միայն ցավ..նոր եմ հասկանում ինչն է այդքան ոգեշնչվելու ուժ տալիս: 
Միգուցե արևի ժամանակ, միգուցե անձրևի, մի ակնթարթ է տեղում, երբ այդ սև ապակիներով ակնոցները ուղղակի ընկնում են և նորից տեսնում ենք ՝գուցե ներկված և ոչ իրական, այդ գույները: Այլ կերպ ենք զգում մեզ թե՛ ներսից, թե՛ դրսից: Այլևս հարկ չի լինում վախենալու, ուժեղ քամու ժամանակ թափանցիկ լինելուց: Երբ ներսդ այնքան սառն է ու դատարկ, որ թվում է թե քամին անցնում է միջովդ: Այն լցվում է, դառնում համահունջ, գոնե ինչ-որ ժամանակով մինչև իրենցից եկող ոգեշնչման, ջերմության ու գույների հեղուկները ամբողջությամբ անխնա թափելը: Անսրտորեն չթողնելով նույնիսկ վերջին, չորացող կաթիլները:
Դարձա ուրիշ մարդ: Արդեն կարողանում եմ կառավարել ներքին “ես”- իս ցանկությունները, ինչքան էլ, որ տռփանքով լցված լինեն, նույնիսկ սեփական զգացմունքներիս հանդեպ: Չէի սպասում մեկին՝ով կօգնի ամեն օր նայել այս ամենին առանց ակնոցների: Արդեն մոռացել էի, որ զգում եմ այդ գրկախառնությունների կարիքը ինչպես բոլորը: Դարձել էի հեռավոր կղզի, ինքս իմ մեջ փակված: Օրերի վրա գիշերներ նկարելով, հուշում էի.
- Դեռ մենակ ես..
Հիմա արթնացան բոլոր քնած համբույրներս: Ձեռքերիս դողն անցավ անմիջապես, քեզ հպվելուց: Գրկեցիր ինձ ինչպես մենությունն էր գրկել, ու բաց չէր թողնում իր մութ ճանկերից: Երնեկ միշտ այսպես շշնջա մեր կողքը լռությունը, թող չխանգարի մեր այս հոգեկան կրակոտ կապին, որը կաթկթում է մեր միջև, մեր մեջ թողնելով օվկիանոսներ: Սրանից ավել, էլ ինչ պետք է զգամ, որ տխուր շուրթերս առանց ալարելու ամեն օր ժպտան ու ծիծաղեն: