Monday, June 8, 2015

Խառնաշփոթ ..

Քամին տանում է մազերս,
Խոտերին հարվածում է իրար,
Մի կաթիլ սուրճը թափվեց գետնին
Ու եկան մրջյուններն անհամար:
Նրանք գալիս են ու գնում
Վայրկյանները տանում իրենց հետ,
Մնաց միայն հիշողությունը
Խորտակված հենց  այդ սուրճի մեջ:

 Ձեռքս դիպավ. Բաժակն ընկավ. Հիշողությունը չջարդվեց:
Կանաչ- Կապույտ, գնաց- եկավ, գնաց- մնաց անընդմեջ:


Մտամոլոր խաղեր տվեց, գույներն իջան հատակին,
Տեսա, արտացոլանքս շրջվեց ու ալեկոծվեց կրկին:

Սուրճը կոկորդիս է կանգնել՝ դառնությունն է չափից շատ,
Այն չլիներ, կուլ կգնար տփի միջինը հատ առ հատ :

Դառը- քաղցր, սև կամ անգույն.. տրամադրություն չկա կամ կա,
Ո՞վ է այսօր մնում, լսում, ոչ՛ մեկը, ոչ՛ մյուսը չկա:

Գալիս, լցվում, ուրախանում, հեռանում են մեկ առ մեկ,
Արդյո՞ք ինչ-որ մեկը մնաց, թե՞ սպիտակեց սևը մեր:

Մնա՞ց, կիսեց դառնությու՞նդ, կա արդեն երկու լուծում՝
Կամ՛ վառում ես ու դեն նետում, կամ՛ ինքն է ձեռքդ վառում:

Thursday, June 4, 2015

Առանց շաքարի..


Լցնում եմ ջուրը, ուր չգիտեմ.. ուզում եմ թեյ խմել, մի կում և ինքնըստինքյան շրջվում ու նայում եմ  կողքիս աթոռին, ապա սեղանին, ու նկատում, որ բոլոր թեյերը շաքարով են: Այն ինչ զգում եմ չի երևում, շաքարի նման լուծվել է ջրում, հիմա զգում եմ միայն համը: Հետաքրքիր է, քո դառը թեյի մեջ դեռ մնացե՞լ է համը, թե՞ վերջին կումերը բերանումդ պահելուց հետո բաժակը ողողել ես սառը ջրով: Երնե՜կ, ես էլ չալարեի ու բաժակս ողողեի ծորակից նոր սլացող անծանոթ ջրով: Մի անգամ փորձեցի ողողել, թվում էր թե սառը ջուր է, սակայն վայրկյաններ անց այն մշուշոտվեց ու վերածվեց ժանգագույն ինչ-որ հեղուկի, որը փորձում էր իր վրա անդրադարձնել բաժակիս մեջ մնացած վերջացող  թեյի գույնը.... կեղծ էր: 
Քայլում եմ սենյակ տանող ճանապարհով, պատեր, որոնք ամեն օր հավաքվում են միասին ու սկսում ձեռք առնել: Եթե նրանց ծիծաղը լսվեր, հաստատ գիտեմ արդեն խլացած կլինեի: Անընդհատ ուզում եմ դուրս գալ, լքել այս սենյակը՝ որտեղից դեռ իմ սիրած ամսաթվի հոտն է գալիս:
(18_03_15)
Քանի անգամ են այդ ոտնահետքերը եղել այստեղ, հատակը շնչում է մեր թողած ստվերներով: Պակասել են ստվերները, հուսամ չեն խառնվել օդի հետ ու ես դեռ կտեսնեմ դրանց հատակից փոշին մաքրելուց: