Ընտանիքը՝ սոցիալական ամբողջության, ազգի փոքրագույն մասնիկն է, որն իր ֆունկցիաներով մեծ դեր է խաղում հասարակության մեջ: Չէ՞ որ, հենց ընտանիքի միջոցով են փոխվում սերունդները, այնտեղ է ծնվում, դաստիարակվում մարդը և շարունակվում է ցեղը: Ընտանիքները շատ տարբեր են լինում, հաճախ բաղկացած անհամատեղելի խառնվածքներով մարդկանցից, ում հարաբերությունները միշտ սրված են: Կան ավտորիտետ ընտանիքներ, որտեղ դրվածքը ընտանիքի գլխավորին հնազանդվելու շատ խիստ է: Այլ ընտանիքներում տարիքով մեծերը բոլորին թելադրում ու պարտադրում են իրենց մտածելակերպերը, կարծելով, եթե մեծ են ուրեմն իրենց ամեն բառը պետք է ընդունելի լինի բոլորի կողմից: Կարծրատիպերով շրջապատում են կյանքին նոր ընտելացող երեխաներին, և նրանց փորձում դաստիարակել իրենց անգույն քառակուսու մեջ կողպված, որի բանալին դեն են նետել հենց ծննդյան օրվանից, ինչպես փորձում է անել նաև ազգը: Պարտադրանք ամեն ուր և ամեն ինչում, հասարակ սովորույթներից սկսած, վերջացրած կրոնով: Կարծում եմ ընտանիք լինելուն զուգահեռ պետք է հիշել, որ յուրաքանչյուրս անհատականություն ենք, և կարող ենք ունենալ սուբյեկտիվ կարծիք: Վերջի վերջո պետք է թողնել, որ ձևավորվի աշխարհայացք, այս աշխարհում նույն մարդու կրկնակը հաստատ ոչ-ոքի պետք է: Իհարկե այդպես չի էլ կարող լինել, բոլորը տարբերվում են, ամեն մարդ մի նոր, չբացահայտված տիեզերք է:
Անդրադարձ հայկական ընտանիքներին: Այս նախադասությունից հարազատ ջերմություն զգացի, բայց և մեկտեղ ներսումս ինչ-որ բան մռայլվեց, քանզի քիչ առաջ վերևում նշվածներիցս հիմնականում բոլորը վերաբերում են հենց հայկական ավանդապաշտ ընտանիքներին: Ճիշտ է դրական կողմեր նույնպես ունեն, սակայն ինձ համար հայկական ընտանիքների մեծամասնության մտածելակերպերը անտանելի ու հետամնաց են: Հայ ընտանիքի դրական կողմերից է համատարած հարգանքը, որը ինչ-որ տեղ գուցե պարզապես ցուցամոլություն և երկդիմիություն է, սակայն լավ է գործում: Հայ ընտանիքներում սիրում եմ այդ ջերմ մթնոլորտը, երբ ինչ-որ առիթ է լինում: Այստեղ խիստ է դրվածքը նաև բարոյական նորմերի առումով:
Իմ կարծիքով այդպես էլ պետք է լիներ, քանի որ երբ համընդհանուր ես նայում, ամեն ինչ պարզ երևում է՝ Հայաստանը մի երկիր է շրջապատված լեռներով, իսկ կյանքը հակառակ կողմում է:
Շատերը կամքի ուժ չունենալով միանգամից գնում են հակառակ կողմ, և հրաժարվում այս կողը ավելի լավը դարձնելու իրենց պարտականությունից: Սակայն, ես Հայաստանը շատ եմ սիրում, և միանշանակ կարծում եմ, որ եթե ես չփոխեմ իմ ազգը դեպի լավը, ժամանակակիցն ու հաճելին, ապա դա կանի մեկ ուրիշը իր ժամանակաշրջանում և այդ հաճույքից ինձ մի կտոր անգամ չի հասնի: Շատ կուրախանամ երբ հետամնացության ցուցանիշները մեր ազգում պակասեն, բայց կա մի առավելություն, որը շատ եմ սիրում մեր ազգի մեջ՝ միահամուռությունը այն հարցերի շուրջ, որը շատերին է հուզում: Քանի որ ազգը բխում է ընտանիքից՝ ապագա սերնդի դասիարակությունից, կարծում եմ, որ ընտանիքում այդ համախմբվածությունը նույնպես պետք է պահպանվի:
Ընտանիք: Մարդիկ ում օգնությամբ դաստիարակվում ես, ովքեր կողքիդ կլինեն նույնիսկ այն ժամանակ երբ ամբողջ աշխարհը
ընդդիմանա քեզ, գուցե և առանց արդարացնելու: Եթե ոչ ֆիզիկապես, ապա հոգեպես միշտ կողքիդ կլինեն: Իհարկե կան բացառություններ, կա՞ մի ոլորտ, որտեղ չկան բացառություններ, չեմ կարծում:
Ընտանիքում այն մարդիկ են, ովքեր մեր հանդեպ ունեցած մեծ ու անփոխարինելի սիրուց դրդված շատ են անհանգստանում, և դրանից ելնելով իրենց կարծրատիպերն են պարտադրում: Փորձում են զերծ պահել իրենց աչքին երևացող, նույնիսկ ամենափոքր սխալներից ու վտանգներից, հասկանալով, որ մարդ միևնույնն է անթերի չի կարող լինել, մեր մեջ փորձում են ստեղծել իրենց կատարյալը, սիրում են մեզ այնպիսին՝ ինչպիսին կանք:
Չկա ընտանիք առանց կամակորությունների և հակասությունների: Սերունդների միջև եղած տարբերությունը երևում է նույնիսկ մանրուքներում: Ընտանիքում ծագած խնդիրներից ու վեճերից, յուրաքանչյուրիս ներսը տակն ու վրա է լինում: Նյարդայնությունից դրդված անգիտակցված արարքներ, չբացահայտված իրականություն, միմյանց ճանաչելու անհաջող փորձեր, որոնք բխում են այդ վեճերից, հենց դրանցից եկած եզրահանգումներն էլ օգնում են շատ հարցերում կողմնորոշվել և քիչ սայթաքել կյանքի ճանապարհին:
No comments:
Post a Comment